-Սիրանույշ, կորոնավիրուսի համավարակը զուտ առողջապահական խնդիր լինելու դրսևորումների մեջ չէ այլևս: Այն շոշափում է աշխարհաքաղաքական, անգամ վերերկրային ոլորտներ: Ի՞նչ եք մտածում այս առումով:
-Այո՛, սա երրորդ աշխարհամարտն է, որ ընթանում է հիբրիդային եղանակներով: Աշխարհի ամենահայտնի ֆիլանտրոպի և «թվային կամ թվայնացված մարդու»` մոտ տասը տարի առաջ համացանցում տարածված մալթուսյան հայտարարությունները մարդկության թվաքանակի «անտանելի գերաճի», նաև` օրուելյան զառանցանքն այն մասին, որ հաջորդ պատերազմը տեղի կունենա ոչ թե ռումբերի, այլ վիրուսի միջոցով, աշխարհով մեկ քաոս տարածող ուժերին հաջողվեց իրականացնել: Եվ գրեթե ողջ մարդկությանը դիմակ հագցնելով` նրանք ոչ միայն պատռեցին իրենց դիմակները` «ամենափրկիչ» պատվաստների օգնությամբ մեր բոլորի առողջության մասին հոգ տանելու շղարշի տակ, այլև կարելի է ասել, որ դիմակազերծեցին աշխարհում ամենատարբեր դիրք զբաղեցնող մարդկանց, բացահայտեցին նաև մեծամասնության ինտելեկտի գործակիցը, ավաղ: Սա կատաղի պայքար է արդեն ոչ թե բիոսֆերայի, այլ նոոսֆերայի համար: Եվ այն ծավալված է ինչպես Երկրի վրա, այնպես էլ տիեզերքում: Այսպես, փետրվարին, բարեբախտաբար, մեր մոլորակի կողքով, առանց բախման սլացավ մի գիսաստղ, հունիսի 5-ին լուսնի խավարում եղավ, 21-ին` արևի օղակաձև խավարում, իսկ հուլիսի 5-ի մոլորակների շքերթն ազդարարեց մարդկության և մեր մոլորակի մուտքը նոր` Ջրհոսի հազարամյակ, որ նաև Ոսկեդար են անվանում: Ճիշտն ասած՝ ես այդպիսի արև և այդպիսի լույս երբեք չեմ տեսել, ինչպես այդ առավոտյան… Եվ այս ամենը՝ չնայած համավարակին, ցավալի մահերին, միտումնավոր ինֆոտեռորին և քաղաքացիական պատերազմների զանազան դրսևորումներին: Ֆիզիկոսները վերջին տարիներին շատ էին խոսում տիեզերական նշանակության այս փոփոխությունների գալիք գործընթացների մասին: Եվ այդ օրերը եկան: Ամենատարօրինակն այն էր, որ դեռևս հունվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր` համաճարակի առնչությամբ ասված ճառի ընթացքում, առանց պատճառահետևանքային շաղկապման, հիշատակեց ապոկալիպսիսի հեծյալներին… Ականջներիս չհավատացի: Այո՛, ամեն ինչից բացի, հոգևոր պատերազմ է հայտարարված. Հովհաննու Հայտնության օրերն ենք ապրում: Եթե նախկինում շատերս այդ տեքստն ընկալում էինք փոխաբերական իմաստով, ապա հիմա տեսանելի է, որ այդ ամենը շատ իրական է:
-Ստեղծված իրականության մեջ ո՞րն է պարզ մարդու անելիքը: Մեզանից յուրաքանչյուրիցս ինչ-որ բան կախվա՞ծ է, թե՞ մենք քամու բերանն ընկած տաշեղի ճակատագրին ենք դատապարտված:
-Առաջինը` պետք չէ վախենալ: Իրական մարտադաշտը մեր հոգիներն են: Իսկ վախը պարտության կարող է տանել ուզածդ բանակի: Իրականում մարդկանց աչքերն են բացվում հիմա, մարդկության «մեծ արթնացում» է տեղի ունենում. հենց այդպես էլ կոչում են: Այս համավարակն այլ նպատակով էր սանձազերծվել, բայց ինչպես ասվում է հին հնդկական ասացվածքում. «Ինչ էլ որ լինի, երբ չարիք են գործում, միևնույն է, լինում է այն, ինչ կամենում է Աստված»: Եվ այս իմաստով, տառացիորեն շատ կարևոր է յուրաքանչյուրիս ձգտումն առ Աստված, նրա լույսը, որ բարի է: Ամեն րոպե պետք է հիշել, որ մեզ հետ է Աստված: Եվ` որ Աստված սեր է: Ամբողջ էությամբ մեր ներաշխարհը պետք է բարձր վիբրացիաներում պահենք, աշխատենք զերծ մնալ շարունակ գրոհող նեգատիվից, որքան էլ դա դժվար լինի: Զգուշավորություն պահել նույնպես պետք է, ինչ խոսք, սակայն առանց խուճապի: Պիտի կենտրոնանալ առօրյա գործերի և հարազատ, սիրելի մարդկանց մասին մտածելու, նրանց հետ առավելագույնս շփվելու վրա: Պետք է շատ աղոթել, Աստվածաշունչ և Նարեկացի կարդալ: Մեր մասնակցությունը տիեզերական ուժերի միջև ընթացող պայքարին անհատապես էական է և արտացոլվելու է երկրային պրոցեսների վրա: Մենք տիեզերքում առաջվա նման աննշան մասնիկներ չենք այլևս: Մեր մտքերի և հոգիների էներգիան, զորավոր աղոթքներով միավորվելով, փոխում է ուժերի հարաբերակցությունը: Գիտականորեն նույնպես փոխվում են լույսի արագությունը և ֆիզիկական այլ հատկությունները: Մարդկության մուտքը նոր դարափուլ տեղի կունենա՝ ի հեճուկս բոլոր չար ծրագրերի, քանի որ տիեզերական օրենքները հավիտյան գործում են անխափան: Օրինակ` լույսի մի ճառագայթը միշտ ճեղքում է խավարը, իսկ խավարը ցրվում, ի չիք է դառնում լույսի մեջ: Հեռու-հեռուներում, բնավ ոչ բարի նպատակներով ստեղծված, այսպես կոչված` «քվանտային համակարգչի» հեղինակը, ժամանակին, ատոմային կամ ջրածնային ռումբերի հեղինակների նման, անգամ մինչև վերջ չի պատկերացրել, թե ինչ գործառույթներ ունի իր «զավակը»: Այդպես եմ կարծում` իբրև նախկին կիբեռնետիկ, սակայն վստահ եմ, որ ի պատասխան այդ և մի շարք այլ սարսափելի գյուտերի՝ տիեզերքը կապահովի մարդկության քվանտային անցումը, որը տեղի կունենա աստիճանաբար և անխուսափելիորեն, բայց ոչ բոլորի համար: Դրան պետք է ձգտել:
-Ակնհայտ է, որ համավարակի պայմաններում արդյունաբերական թափոնների, դիզվառելիքի գործածության, թունավոր գազերի արտահոսքի կրճատման շնորհիվ ինքնամաքրվելու ընթացքի մեջ է բնությունը, ակտիվ կենսագործունեության փաստեր կան կենդանական աշխարհում: Կարելի՞ է ասել, որ համամարդկային այս աղետից Երկիր մոլորակը, մեծ հաշվով, դուրս կգա շահած:
-Սկզբում մեզ նման միամիտ բնապաշտները հավատացին, որ մեր մոլորակի համար դադար առնելու հնարավորություն է սա: ՈՒրախացանք Վենետիկի ջրանցքներում հայտնված ձկների վտառների և կարապների վերադարձի փաստերով: Սակայն, ինչպես ժամանակին ասել է Հեգելը, «երբ բանը` երևույթն սկսվում է, այն տակավին չկա»: Ահա և այս դեպքում որոշ ժամանակ անց միայն պատկերն սկսեց ամբողջանալ… Եվ հասկանալի դարձավ, որ էկոլոգիական ակտիվիստուհի Գրետա Տունբերգի՝ ամիսներ առաջ կատարած պարանոյիդալ «ծես-ջրապտույտը» աշխարհի շուրջ նույն աշխարհի անգամ ամենահզոր էկոնոմիկաները ծնկի բերելու և մի շարք այլ մութ ծրագրեր իրագործելու նպատակով հղացված գլոբալ սցենարի էքսպոզիցիան` նախերգանքն էր ընդամենը: Ինձնից ավելի բնապաշտ թող չլինեն: Եվ, իբրև հիրավի բնապահպանական խնդիրներով մշտապես մտահոգվող անձ, կարող եմ արձանագրել, որ հենց այս համավարակի արդյունքում՝ դիմակների և ձեռնոցների անասելի քանակով ավելացավ հարյուրամյակներով չքայքայվող և մեր մոլորակը ծածկող աղբը: Իսկ գազային արտանետումների ծավալով իրոք ահռելի վտանգ ներկայացնող, սակայն անհասկանալի կերպով շարունակ խթանվող ջերմոցային տնտեսությունը, ազնիվ խոսք, ինձ առնվազն զարմացնում է, այն էլ՝ մեր երկրի նման արևոտ երկրում, որտեղ պետք էր ամեն միջոց ձեռնարկել նաև արևային էներգիան համատարած օգտագործելու և այդ կերպ էներգետիկ խնդիրները լուծելու համար: Նույնը կարող եմ ասել հանքարդյունաբերությունն իբրև ներդրումների ոլորտ դիտարկելու ոմանց մղումների մասին, ինչը վտանգում է բոլորիս կյանքն ու առողջությունը, ոչ միայն բնության համար է աղետալի:
-Դուք մեկը եղաք այն երջանիկներից, որոնք հասցրին համավարակի և ինքնամեկուսացումի շրջանից անմիջապես առաջ դուրս գալ երկրի սահմաններից: Ձեր ուղևորությունը Լեհաստան պայմանավորված էր մասնագիտական առաքելությամբ: Ի՞նչ կպատմեք այդ մասին:
- Այո, իսկապես, հրաշքի նման մի բան էր այդ բացառիկ հնարավորությունը, որ ինձ ընձեռվեց պանդեմիայի շեմին: Աշխարհի լավագույն բուհերից է Լոձի կինոդպրոցը, որտեղ ընդամենը լինելու մասին միայն կարող էի երազել: Սակայն իմ հանդեպ ավելի մեծ բարեհաճություն եղավ, քանի որ այնտեղ 40 ժամ դասախոսությամբ հանդես գալու հրավեր ստացա: Նրանք հետաքրքրված էին կովկասյան և ռուս կինոյի պատմությամբ: Քանի որ հինգ օրվա ընթացքում պետք է հասցնեի ահռելի նյութ մատուցել, ըստ այդմ էլ կազմեցի ծրագիրս (օրական 8 ժամ)` հետևյալ թեմաներով. Համո Բեկնազարյան, 1920-ականների ռուսական ավանգարդը, Տարկովսկի, Փարաջանով, Փելեշյան: Անշուշտ, բացառիկ հետաքրքիր ու բարդ փորձառություն լինելու հետ մեկտեղ, դա ինձ համար նաև մեծ պատիվ էր և պատասխանատվություն: Իհարկե, մեր լսարանի առաջ հանդես գալիս նույնպես իմ զգացողությունները բազմաշերտ են, քանի որ գիտակցում եմ շատ մատչելի թվացող, բայց իրականում բավական բարդ այս արվեստի տեսակը բոլորովին այլ` իրենց անհայտ տեսանկյունից բացահայտելու առաքելությունը և դրա նշանակությունը: Սակայն օտար ուսանողների առաջ, օտար լեզվով, մեր ֆիլմարվեստի մեծագույն երևույթները և նրանց միջոցով մեր երկիրն ու մշակույթը ներկայացնելու խնդիրը շատ ավելի բարդ էր և պատասխանատու: Անկեղծ ասած` երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց իմ առաջ դրված խնդիրները լուծել, բայց ամենակարևորը, կարողացա խորքային կոնտակտ ունենալ այդ բարեկիրթ երիտասարդների հետ` հետաքրքրություն առաջացնելով իմ հայրենիքի և մշակույթի հանդեպ։
-Որքան էլ տխուր է մեզ պարտադրված փակվածությունը, հայկական կինոն, այդուհանդերձ, ուրախանալու առիթներ է տալիս այս տարի: Մասնավորապես, նկատի ունեմ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցույթում Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ընդգրկվելու փաստը: Սա Ձեզ՝ որպես կինոգետի, գոհացնո՞ւմ է, հիմք տալի՞ս է լավատես լինելու՝ մեր ազգային կինոյի ապագայի առումով:
-Իհարկե: Առաջին և վերջին անգամ նման հաջողություն ունեցել ենք անցյալ դարի 60-ականներին: Խոսքը Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» կարճամետրաժի և Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի մասին է: Ճիշտն ասած, Նորա Մարտիրոսյանի «1937» ֆիլմը տարիներ առաջ շատ ուժեղ տպավորություն էր գործել ինձ վրա: Ավելին, ինչ-որ մի նախաձեռնությամբ, կովկասյան տարածաշրջանի երկրներից երկուական ֆիլմ պիտի ցուցադրվեր, եթե հիշողությունս չի դավաճանում` Ավստրալիայում, և ինձ առաջարկել էին ընտրություն անելու պատասխանատու գործը: Պիտի ասեմ, որ տասնյակ ֆիլմերից ակնհայտորեն առանձնանում էր այս աշխատանքը, որն անգամ պատճենեցի իմ անձնական ֆիլմադարանի համար: Մյուս ֆիլմը, որ այն ժամանակ արժանի գտա, Հայկ Օրդյանի` Մհեր Մկրտչյանին նվիրված վավերագրական դիմանկարն էր: Մեծ հույսեր տածելով՝ հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր հայրենակցուհուն Կաննում և` ոչ միայն:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ